Քրտնարտադրությունը երեխաների մոտ

Քրտնարտադրությունը-երեխաների-մոտ

Քրտնարտադրությունը երեխաների մոտ

Քրտնարտադրությունը մարդու օրգանիզմի  պաշտպանական մեխանիզմն է, ջերմակարգավորման միակ ֆիզիոլոգիական մեթոդը: Հենց քրտնելու միջոցով է տեղի ունենում գոլորշացումը և մարմնի ջերմաստիճանի կարգավորումը, բայց երեխաների մոտ ջերմակարգավորման համակարգը դեռ լրիվ ձևավորված չէ և քրտնագեղձերը լիարժեք սկսում են գործել մոտավորապես 5-6 տարեկանից սկսած:

  Երեխայի գլուխն ու պարանոցը քնած ժամանակ քրտնելու մի շարք պատճառներ կան. երեխայի գերտաքացումը, չափից ավելի հագցնելը քնացնելուց, որ երեխան հանկարծ չմրսի, տան, սենյակի օդի սխալ ջերմաստիճանը և խոնավությունը (օպտիմալ է 19-200C, 60% խոնավություն), խիտ մազածածկույթի առկայությունը, սինթետիկ  անկողնային սպիտակեղենը, վերմակը, գիշերազգեստը, ոչ վաղ անցյալում բարձր ջերմությամբ կրած հիվանդությունները (երեխաները դադարում են քրտնել դրանից 3-5 օր անց), հուզմունք կամ գերգրգռվածությունը, մինչ 3-4 տարեկան երեխաների չափից ավելի ակտիվությունը. նրանք շատ քրտնում են ակտիվ խաղերի և ֆիզկուլտուրայի ժամանակ, ժառանգական նախատրամադրվածությունը, երեխաները ոչ միայն քրտնում են քնած, այլև ակտիվ խաղերի ժամանակ, այդ պրոբլեմը ժամանակի ընթացքում  անցնում է, բայց լինում է, որ օրգանիզմի հակումը մնում է նաև մեծ տարիքում:
Որոշակի  հիվանդություններ կամ խանգարումներ ևս կարող են լինել գերքրտնարտադրության  պատճառ երեխաների մոտ. երբեմն այն պայմանավորված է վիտամին Դ-ի պակասով և ռախիտով, բայց կան դրանց նաև այլ նշաններ, որոնք անպայման ի հայտ կգան միաժամանակ, շաքարային դիաբետը նույնպես կարող է պատճառ լինել քրտնարատադրության ավելացմանն  ուրիշ նշանների հետ միասին: Վահանաձև գեղձի, սրտի, վեգետատիվ նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարումները, կենդանիների բրդի, փոշու, դեղորայքի, հիգիենայի միջոցների նկատմամբ ալլերգիկ ռեակցիան, լիմֆատիկ դիաթեզը, մուկովիսցեդոզը, ֆենիլկետոնուրիան և այլ ախտաբանական վիճակներ ևս կարող են նպաստել գերքրտնարտադրությանը երեխաների մոտ:
 Երբ երեխան նորմալ զարգանում է, ակտիվ է, ուրախ է և չունի որևէ հիվանդության նշաններ, ապա քնած ժամանակ քրտնելը լրիվ ֆիզիոլոգիական երևույթ է: Փորձեմ պատճառը ասեմ առանց հնարավոր բժշկական տերմինների. քրտնագեղձերը նյարդավորվում են սիմպատիկ և պարասիմպատիկ նյարդերով: Դրանցից առաջինը ունի անոթասեղմիչ ազդեցություն, ցերեկն այն ակտիվ է բոլորի մոտ, երեկոյան, աստիճանաբար այն իր տեղը զիջում է պարասիմպատիկ նյարդերի ազդեցությանը, որն էլ առաջացնում է անոթալայնիչ, թուլացնող ազդեցություն. դա նպաստում է քրտնագեղձերից քրտինքի անջատմանը, օրգանիզմի հովացմանը: Երեխաները 4-6 տարեկանում, ելնելով  ֆիզիոլոգիայի անհատականությունից ու բարձրացած գրգռականությունից, ակտիվանում են քնելուց առաջ, բարձրացնում սիմպատիկի տոնուսը, որից հետո, երբ պառկում են քնելու, սկսվում է հակառակ ազդեցությունը մեծ արագությամբ. պարասիմպատիկի ազդեցության տակ անոթալայնիչ, թուլացնող էֆեկտի ազդեցության հետ երեխայի գլուխն ու պարանոցը, որն առատ անոթավորված է, սկսում է քրտնել, հեռացնելով ջերմություն և քրտինք, կարգավորելով օրգանիզմի ջերմաստիճանային ռեժիմը: Հենց  սա է անհանգստացնում շատ ծնողներին:
Ինչ է պետք անել.
1. Քնելուց գոնե մեկ ժամ առաջ երեխայի նյարդային համակարգը պետք է հանգստացնել. նստացրեք հանգիստ խաղալու, գիրք կարդացեք կամ հանգիստ երաժշտություն միացրեք, զբոսնեք մաքուր օդում հանգիստ քայլելով, այսինքն երեխայի օրգանիզմը ավելի սահունորեն պատրաստեք հանգստանալուն, ոչ թե «գզվռտոցից» ու գերակտիվությունից անմիջապես հետո պառկի ու քնի: Երեխան մեխանիզմ չէ, կենդանի օրգանիզմը պահանջում է աստիճանական անցում ակտիվությունից հանգիստ վիճակի, մի որոշակի ժամանակ:
2. Խուսափեք շոկոլադ, կակաո, տաք թեյ, քաղցրեղեն տալ երեխային ուշ ժամերին :
3. Եթե ամռանը կարողանաք ծովափին հանգստանալ, ավազե «ծածկոցներ» ընդունել, կամ էլ գոնե ծովի աղ գնելով դեղատնից, արևի ճառագայթներով տաքացած ջրի մեջ լուծելով և լոգանքներ կազմակերպել, ապա արդյունքը կզգաք արդեն աշնանն ու ձմռանը: Կարելի է նաև ֆիզիոթերապևտիկ «օձիքներ» ըստ անհրաժեշտության, և  այլ միջոցներ:
Նշված միջոցառումները զգալիորեն կպակասեցնեն քրտնարտադրությունը, բայց միշտ պետք է հիշենք, որ ամեն երեխա բնության մի մասնիկն է և ունի միայն իրեն բնորոշ օրենքները, իր ֆիզիոլոգիական անհատականությունը և տարբեր մեթոդները կարող են մեկին շատ օգնել, մյուսին մի փոքր ավելի քիչ: Ուղղակի պետք է լինել համբերատար և գտնել հենց ձեր երեխային օգնող միջոցը:

Արթուր Մարտիրոսյան, Երևանի բժշկական հենակետային քոլեջի դասախոս, մանկաբույժ :